Skip to content Skip to footer

Սպառողական մշակույթի համընդհանուր գերակայության պայմաններում, որտեղ կա աշխատանքի և ժամանակի շահագործում, այլևս ժամանակ և ռեսուրս չի մնում զբաղվել արվեստով: Եւ, անսպասելիորեն, արտադրության թափոնների և ձանձրույթի մեջ մարդը հնարավորություն և ժամանակ է գտնում ստեղծել հետաքրքիրը: Ամենօրյա աշխատանքը, առօրեականության ձանձրույթը հաղթահարվում է, և տեղ է բացվում երեւակայության ու ստեղծագործականության համար։

Սվենդսենի տարբերակած սիտուացիոն կամ իրավիճակային ձանձրույթը (situative boredom) լինում է այն դեպքում, երբ մարդիկ անում են մի բան, ինչ իրականում չեն ուզում անել և դրանից հաճույք չեն ստանում: Երբ մարդը ձանձրանում է, նրա գլխուղեղում գերակշռում են արգելակման գործընթացները, սակայն դրա հետ միասին կա գրգռման որոշակի մաս, որը կապված է միօրինակ աշխատանքի կատարման կամ դրա ավարտման սպասումի հետ։

(Lars Fr. H. Svendsen The boredom of satiety , when one gets too much of the same thing and everything becomes banal. 

Էդ Թադևոսյան-Մի պատվիրատու կար, (վայ ոնց չէի սիրում). որի համար մետաղի վրա թվեր պետքա տպեինք ու չորս ծակ, չորս անկյուններում։ Պատվերն էլ միշտ մեծ քանակություն էր։
(Հատված Էդ Թադևոսյանի հարցազրույցից, փետրվար 1, 2017)

Անընդհատ կրկնությունները մարդուն դնում են ծայրահեղ իրավիճակում և վերջինս սկսում է նորություններ փնտրել, փորձարկել և փոխանցել: Առօրյա աշխատանքի յուրօրինակ տեխնիկական հնարավորություններն օգտագործելով լուսանկարիչը կարողացել է ժամանակ գտնել և ռեալիզացնել իր ստեղծագործական պահանջը: Երկար տարիների ձանձրալի ու միօրինակ աշխատանքի ընթացքում ձեռք բերած ունակությունները և հնարավորությունները օգտագործելով մարդը (արվեստագետը) կարողանում է աշխատանքի և “boredom”-ի արանքներում ստեղծել մի բան , որն արդարացնում է այդ անտեղի ժամանակի վատնումը:

ԷԹ -Մանր մունրները տպելուց լուրջ չէի վերաբերվում, երևի մի երեսուն հատ նվիրել եմ տարբեր մարդկանց: Մեկն էլ շատ պատահական մի աղջկա էի ցույց տալիս, ասեց վայ ընկերսա էս սքեյթ քշողը. դա էլ իրեն նվիրեցի:
Պատահական եմ արել. հատուկ հերթականությամբ չեմ տպել, աշխատելու ընթացքում որ լուսանկարը ձեռքիս տակ եղել է, տպել եմ :
Թափոնները, մետաղի կողքի հատվածները՝ որ ոչ մի բան հնարավոր չէր անել, օգտագործեցի լուսանկարների համար:

(Հատված Էդ Թադևոսյանի հարցազրույցից, փետրվար 1, 2017)

«Արդյո՞ք ստեղծագործական աշխատանքն այսօր անպայմանորեն կապվում է պարապության հետ. ինչպիսի կապ, որ, ասենք, նույն Մարքսը տեսնում էր կոմունիստական հասարակության ներսում։ Գլոբալացող աշխարհի տնտեսության այսօրվա պայմաններում, երբ աննյութական արտադրության ոլորտի հարաճուն ճնշման ներքո կրճատվող արդյունաբերական արտադրությունը դուրս է շպրտում իր մեջ ներգրավվածներին, զբաղվածության խնդիրը ինչպե՞ս է արտահայտվում արվեստի եւ արվեստագետի վրա, նրա, ով գտնվում է նյութական եւ աննյութական արտադրությունների հանգույցում։
Երբ Բոյսը պնդում էր, թե արվեստագետ կարող է լինել յուրքանչյուր ոք, նա ավելի շուտ նկատի ուներ ժամանակը ստեղծագործաբար տնօրինելու մեզնից յուրաքանչյուրին տրված ընդունակությունը։ Նա թերեւս շատ հեռու էր այն մտքից, թե կարող է գալ մի պահ, երբ յուրաքանչյուր արվեստագետ սեփական ժամանակը տնօրինելու առումով շատ ավելի կաշկանդված լինի, քան նա ով իրեն, գոնե գործի բերումով, այդպիսին չի համարում։ Իր ժամանակը տնօրինելու առումով այսօրվա արվեստագետը արդյո՞ք ավելի ազատ է, քան վարձու աշխատանքի մեջ ներգրավված մեկը։ Կամ արդյո՞ք գործազուրկը իր ժամանակը ստեղծագործաբար տնօրինելու առումով շատ ավելի ինքնուրույն չէ, քան արվեստագետը»:

Նազարեթ Կարոյան

 

ՆՓԱԿ, 2017