Skip to content Skip to footer

Նարեկ Ավետիսյանի

1994թ.-ին Նարեկը սկսում է իրականացնել իր  <հետքերի կտավները>, լյումինիսցենտ գույներով, կտավի մակերեսի վրա ավտոմատիստական եղանակով նա թողնում է իր ձեռքերի հետքերը, որոնք ծածկում են ողջ կտավը՝ <համատարած> կոմպոզիցիոն սկզբունքով: Այս գործերում, գործողության նկարչության ռոմանտիկական սկզբունքը, այնուամենայնիվ, միախառնված է մաքուր արվեստ տանող արևելյան անանձնականությանը: Ֆորմալ իմաստով, սա երևում է օպտիկականի (լումինիսցենտ ներկերով արված սիմուլթան կոնտրաստները) և շոշափելիքի (մարմնի գործողություններն ու ձեռքերի հետքերը) նույնացման մեջ: Արդյունքում, ագրեսիվ շոշափողական ժեստը վեր է ածվել օպտիկական ագրեսիայի: Այս կտավները վերջին մի քանի ցուցադրություններում ներկայացվել են պատից որոշակի հեռավորության վրա՝ այդ կերպ հանդես գալով ոչ թե որպես գեղանկարչական կտավներ, այլ տարածական օբյեկտներ (այս իմաստով, որոշ զուգահեռ կարող ենք տանել Էլսուորթ Քելիի գործերի հետ, իսկ հայ արվեստի համատեքստում, Երվանդ Քոչարի տարածական գեղանկարչության հետ, որի հանդեպ մեծ համակրանք ունի Նարեկը):

Փաստորեն, Նարեկը հայկական ժամանակակից արվեստում այն արվեստագետներից է, ով բազմիցս կրակոտ կերպով պաշտպանել է նոր տեխնոլոգիաներով արվեստի վիրտուալացումը: ՆՓԱԿ-ի վերջին ցուցահանդեսի հիմնական խորագիրը  արվեստի և տեխնոլոգիաների այս փոխձուլումն է, որոնցից մեկում Նարեկը մասնակցում է իր ֆռակտալների մի տարբերակով: Բայց նույն տարում նա ներկայացել էր իր <հետքերի կտավներով>, որոնք ֆրակտալների նյութեղենացված տարբերակները կարելի է համարել: Վիրտուալ արվեստով այդքան տարված այնպիսի արվեստագետի մոտ ինչպիսին Նարեկն է, հետաքրքրական է նյութի հանդեպ հաստատուն հետաքրքրության փաստը: Այս ցուցահանդեսում Նարեկը ներկայացված է առաջին հերթին որպես նյութի և մարմնի հետ աշխատող արվեստագետ, այստեղ գործերը գոյություն ունեն ֆիզիկական տարածության մեջ, որպես դրանց անհրաժեշտ նախապայման: Ֆիզիկական իրականության և նյութի ու մարմնի կարևորմամբ գործերի կարիքը իրոք զգացվում է ՆՓԱԿ-ի վերջին <տեխնոլոգիական> ցուցահանդեսի համատեքստում, հատկապես, երբ այդ գործերը պատկանում են Նարեկին:

Համադրող՝  Վարդան Ազատյան

Փետրվար 7-28,    2006