Skip to content Skip to footer

  Այս նախագիծը ներկայացնում է Անի Գևորգյանի հարցազրույցները 2008-ի Մարտի մեկի դեպքով որոշ քաղբանտարկյալների հետ: Նա միտումնավոր դուրս է թողել այն հատվածները, որոնք վերաբերում են «քաղաքական» դրդապատճառներին: Այսպիսով դուրս են թողնվել, փողոցային պայքարի ավելի շատ շոշափված և հայտնի դրվագները, տեղ տալով զուտ անձնական փորձառություններին, որպես կալանավոր, լինեն դրանք այլ կալանավորների հետ հարաբերություններ կամ օրինապահ մարմինների հետ փորձառություն:
  Բացի դրանից, Անին ներկայացնում է բազմաթիվ լուսանկարներ, որոնք արված են դիմադրության գործողությունների ժամանակ՝ ի պաշտպանություն Մարտի մեկի գործով քաղբանտարկյալների: Այս ամբողջի շուրջ մենք տեսնում ենք նաև գրառումներ, որոնք Անիի անձնական փորձառության հիշողություններն են ձերբակալության օրերից, քանի որ նա նույնպես ազատազրկված է եղել։
  Անին մասնագիտությամբ լրագրող է ու լուսանկարիչ։ Այս նախագծի մեջ մենք կարող ենք տեսնել և մեկը, և մյուսը։ Այնուամենայնիվ, թե մեկը, թե մյուսը ներկայանում են ոչ ավանդական տեսքով։ Հարցազրույցների մեջ նա չի փորձում համապարփակ պատկերացում ստեղծել. նա կենտրոնանում է մեկ կոնկրետ հարցի վրա։ Իսկ լուսանկարներն ավելի շուտ կրում են արխիվային բնույթ, կապված իր անձնական հիշողությունների հետ։ Այս նախագծի պարագայում ես չեմ կենտրոնանա Անիի կեցվածքի վրա՝ լրագրող, վավերագրող, թե արվեստագետ։ Սա էական չէ։ Յուրաքանչյուր կեցվածք կարելի է վիճարկել կամ հաստատել։ Այս նախագծի պարագայում ես կարևորում եմ մեկ այլ բան։
  Ելնելով իր ունեցած անձնական փորձից ՝նա ցույց է տվել այլ մարդկանց նմանատիպ փորձառությունը։ Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ և դրանցից հետո, քաղաքացիական դիմադրությունները «քաղաքական» գործընթացներում բավականին լայն խոսակցությունների և քննարկումների առիթ են եղել։ Բայց կալանավայրից փոքրիկ պատմություններն եղել են միայն սակավաթիվ իրավապաշտպանների կամ կոնկրետ մարդկանց խոսակցությունների առարկան։ Եթե մեկը ակտիվիստ է և դուրս է գալիս փողոց ու ընդդիմանում իշխանություններին, դա մեկ բան է։ Նա երեկոյան գնում է տուն, չի առնչվում իրավապահ մարմինների հետ։ Նա կարող է դասավորել իր կենցաղը և բաժանել ժամերը դիմադրության և դիմադրությունից հանգստանալու միջև։
Մեկ այլ բան է, երբ դու կալանքի տակ ես և անընդհատ առնչվում ես իշխանական համակարգին։ Այդ պարագայում, քնելուդ տեղը, զբոսանքդ, հեռախոսդ թաքցնելու պահոցը, ամեն մի կենցաղային մանրուք պայքար է իշխանության դեմ։ 

 Այս նախագիծը ներկայացնում է հենց այս կենցաղային ու մարմնական մակարդակի վրա տեղի ունեցող պայքարը համակարգի, ռեժիմի, իշխանության դեմ։ Ինչը շատ ցայտուն, մաշկը շոշափող կերպով զգացվում է կալանավայրում։ Ժամանակակից հարացույցները ստիպում են մեր կյանքը բաժանել մասերի ՝ դրվագների, որտեղ մեր կյանքը կարող է լինել քաղաքական, ինչպես նաև անձնական։
  Նախագիծը հնարավորություն է տալիս վերհիշելու և վերահասկանալու մեկ հստակ բան` Ինստիտուցիոնալ քաղաքականությանը ձեռնտու է իր գործունեությունից դուրս կյանքի դրսևորումների ապաքաղաքականացումը, մենաշնորհելով քաղաքականությունը որպես միայն իր գործունեություն։
Այս նախագիծը հիանալի դրսևորում է առ այն, որ անձնական ու կենցաղային հանգամանքներն առանցքային քաղաքական երևույթներ են։

Համադրող՝ Գոռ Ենգոյան

ՆՓԱԿ, 2019