Skip to content Skip to footer

Մարդն ուղևորվում է դեպի բնություն: Ավելի շուտ դա փախուստ է առօրեա կյանքից, սեփական գոյության միապաղաղությունից, քան հանգիստ: Փախուստ, որը ենթադրում է վերադարձ մի ինչ որ նախնական վիճակի, «մայրական գիրկ», «դրախտ», որտեղ մարդը ծրագրում է լինել ավելի «մանկամիտ, անմիջական, անկանխատեսելի, սանձարձակ, ազատ, բնական»: Սակայն նա բնական չէ:
Չի կարելի ասել, որ մարդը անգիտակցաբար կամ կիսագիտակցաբար չի զգում դա. նա այդ ՙբնականությունը՚ և ՙազատ լինելու՚ դերը փորձում է խաղալ, իր հնարավորությունների սահմաններում՝ բնական: Իսկ սա նշանակում է, որ նա իր կիրակնօրյա հանգստի ընթացքում չի էլ փորձում լինել ՙայնպիսին ինչպես որ կա՚: Ընդհակառակը նրա մարտավորությունն է դառնալ այլ մեկը, փոխվել լինել այլ մեկի համար, այսինքն լինել հմայիչ: Այդ պահին նա նմանվում է հայելու առաջ զուգվող կոկետուհու: Բնությունը հանգստացողի համար վերածվում է հայելու, որի առաջ նա փորձում է զարդարվել ՙբնականության՚ ու ՙազատ պահվածքի՚ ատրիբուտներով: Մինչև հայելու մեջ անդրադարձված դեմքը անցողիկ է և նույնիսկ կես քայլ հեռանալուց հետո արտացոլում անհետանում է: Կիրակնօրյա հանգստացողը կարիք ունի վկայի, որ դիտում և արձանագրում է ինքնասիրահարվածության սիրավեպը: Հետո՝ տանը կամ աշխատատեղում նա կրկին ու կրկին ցուցադրելու է իր լուսանկարները, հմայված բնականություն և ՙազատ լինել՚ խաղալու իր արտիստական ձիրքով:

Համադրող – Հերման Ավագյան